Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Եկեղեցին որպես թանգարան կամ մշակութային կենտրոն վերաբացելը սրբապղծություն է»

«Եկեղեցին որպես թանգարան կամ մշակութային կենտրոն վերաբացելը սրբապղծություն է»
12.06.2014 | 16:20

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից վերանորոգված հայկական պատմական եկեղեցին վերաբացվել է որպես մշակույթի տուն:

Բոր քաղաքում 19-րդ դարի վերջերին կառուցված եկեղեցու` որպես մշակույթի տուն վերաբացումը իրականացվել է հանդիսավոր արարողությամբ, որին մասնացել են քաղաքապետը, նահանգապետը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am լրատվականը:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, Ցեղասպանության մոտեցող 100-ամյակի նախօրեին ավելի հաճախակի՞ է դարձել մեր եկեղեցիները վերանորոգման գործընթացը և հիմնականում ի՞նչ նպատակով են գործածվում դրանք:
«Բնականաբար 2015-ին ընդառաջ պետք է սպասենք նման քայլերի, բայց դրանք կիսաքայլեր էլ չեն, քանի որ եկեղեցիները վերանորոգվելով մեծ մասամբ չեն ծառայում իրենց նպատակին, իրավական առումով ևս չեն ստանում եկեղեցու կարգավիճակ,- ասաց Ռուբեն Մելքոնյանը` նշելով,- եկեղեցին որպես թանգարան կամ մշակութային կենտրոն վերաբացելը սրբապղծություն է, դրանով ոտնահարվում է կրոնական համայնքի իրավունքը: Եկեղեցին նախատեսված է կրոնական արարողությունների համար»:
Թուրքագետը ընդգծեց, որ Լոզանի պայմանագրով` Թուրքիայի տարածքում բնակվող կրոնական փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց սրբավայրը բուն նպատակով օգտագործելու: Նրա բնորոշմամբ` Թուրքիան, մի կողմից, Լոզանի պայմանագիրն է խախտում, մյուս կողմից` իմիտացիոն քայլեր է ձեռնարկում, ցույց տալով աշխարհին, որ հանդուրժող է կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Եվ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ այս ամենը միանշանակ օգտագործում են իրենց քարոզչական նպատակների համար:
Հետաքրքրվեցի` կա՞ն եկեղեցիներ, որ վերաբացվել են որպես եկեղեցի: Թուրքագետը երկու օրինակ նշեց. «Դիարբեքիրի սուրբ Կիրակոս եկեղեցին ուներ եկեղեցու կարգավիճակ, ուղղակի կիսաավեր էր, վերանորոգվել է ոչ թե պետության, այլ հայ համայնքի, հայ բարերարների ջանքերով (նույնիսկ նախկին դիարբեքիրցիներն են դրամահավաք իրականացրել): Մյուս օրինակը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին է, որը, ճիշտ է, վերանորոգվեց, սակայն որպես թանգարան, բացի այդ, այնտեղ եկեղեցական արարողություններ թույլատրում են իրականացնել տարին մեկ անգամ, այն էլ տեղի նահանգապետարանի թույլտվությամբ: Այսինքն, պետությունը, ի դեմս նահանգապետարանի, միջամտում է զուտ կրոնական արարողությանը, որոշում է` անցկացնե՞լ պատարագ, թե՞ ոչ»: Այսպիսով, պատարագները, որ կրոնական եկեղեցիներում իրականացվում են ամեն կիրակի, Թուրքիայում Աղթամարի Սուրբ Խաչի պարագայում անցկացվում են թույլտվությամբ և տարին մեկ անգամ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ